EEAB Logo
Eglise Evangélique Arménienne de Belgique

Բելգիայի Հայ Ավետարանական Եկեղեցի

Ավետարանակենտրոն քրիստոնեական համայնք

Ովքե՞ր ենք մենք

ԲՀԱԵ-ն, ինչպես յուրաքանչյուր եկեղեցի, ունի իր պատմական ինքնությունը, համոզմունքները, ավանդույթները և հավատքի դավանանքը, որոնք բխում են Աստվածաշնչից: Դրանք կազմում են եկեղեցու հիմքը և առաջնորդում նրա հոգևոր կյանքն ու գործունեությունը: ԲՀԱԵ-ն դավանում, կիրառում և քարոզում է դրանք իր նմաններին:

ԲՀԱԵ-ի ինքնությունը և պատմությունը

1.ԲՀԱԵ-ն պաշտոնապես հիմնադրվել է 1991 թվականին՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) և Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության (UEEAF) աջակցությամբ: Այնուհետև եկեղեցին հիմնադրեց երկրորդ եկեղեցին Լիեժում 1996 թ.-ին, հայալեզու եկեղեցի Բրյուսելում 2000 թ.-ին, Հասսելթում 2001 թ.-ին և Անտվերպենում 2002 թ.-ին:

2.ԲՀԱԵ-ն հիմնադրվել է Ֆրանսիայի Միության (UEEAF) հոգևոր հովանու ներքո և նրա հավատքի դավանանքի վրա: Այն Եվրոպայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Ընկերակցության, և նրա միջոցով՝ աշխարհասփյուռ Հայ Ավետարանական Եկեղեցիների ընտանիքի անդամ է: Եկեղեցին նաև Բելգիայի Բողոքական և Ավետարանական Եկեղեցիների Դաշնային Սինոդի անդամ է:

3.ԲՀԱԵ-ն իրեն համարում է 1846 թվականին Կոստանդնուպոլսում հիմնադրված Հայ Ավետարանական Եկեղեցիների ժառանգորդը:

4.ԲՀԱԵ-ն չի հավակնում միակ ճշմարտությունն ունենալու մենաշնորհին: Այն ընդամենը տիեզերական Եկեղեցու և Աստծո Խոսքի վրա հիմնված եկեղեցիների տեսանելի մի փոքր մասն է: ԲՀԱԵ-ն եղբայրական ձեռք է մեկնում բոլոր հավատացյալներին և եկեղեցիներին, ովքեր ընդունում են Աստվածաշունչը որպես գերագույն հեղինակություն և դավանում են Քրիստոսի տերությունը՝ անկախ ռասայից, ազգությունից և լեզվից:

5.ԲՀԱԵ-ն չի հարում պենտեկոստեական կամ խարիզմատիկ շարժումներին, բայց հավատում է աստվածային բժշկությանը և որոշ հոգևոր պարգևների շարունակականությանը, որոնք ծառայում են Եկեղեցու շինությանը: Աստված այսօր էլ իր ինքնիշխան կամքով տարբեր հրաշքներ է գործում՝ պատասխանելով Իր զավակների աղոթքներին:

6.ԲՀԱԵ-ի համար բավարար է ունենալ տասնյակ դարձի եկած և մկրտված անձինք՝ պաշտոնապես «տեղական եկեղեցի» կոչվելու համար: