EEAB Logo

Հավատքի դավանանք

ԲՀԱԵ-ն ընդունում է Առաքելական հանգանակը (2-րդ դար), Նիկիական հանգանակը (4-րդ դար) և 1846 թ. հիմնադրված Հայ Ավետարանական Եկեղեցիների հավատքի դավանանքը:

1.Աստվածաշնչի մասին

Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը, բաղկացած 66 գրքերից, գրվել է Սուրբ Հոգու ներշնչանքով և բացահայտում է Աստծո միտքն ու կամքը մարդկության համար: Այն լիովին Աստծո Խոսքն է և հանդիսանում է միակ անսխալ հեղինակությունը հավատացյալի հավատքի և կյանքի համար (Sola Scriptura - միայն Սուրբ Գիրքը): Հավատացյալը պետք է առաջնորդվի դրանով, և ոչ թե մարդկային ավանդույթներով, տիեզերական ժողովների կողմից սահմանված դոգմաներով, կամ ենթադրյալ տեսիլքներով ու երազներով: Մենք հավատում ենք, որ այն լիովին բավարար է մեղավորներին փրկության առաջնորդելու և հավատացյալներին ամեն բարի գործի համար զինելու համար: Աստվածաշնչի ընկալումը սահմանափակված չէ միայն ընտրյալների համար, այլ Աստծո յուրաքանչյուր զավակ, աղոթքով և Հոգու օգնությամբ, կարող է հասկանալ փրկության նրա պատգամը (Բ Տիմ. 3:16-17, Բ Պետ. 1:20-21):

2.Սուրբ Երրորդության մասին

Մենք հավատում ենք մեկ Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Լինելով տարբեր Անձինք, նրանք կիսում են միևնույն աստվածային բնույթը և միասին կազմում են մեկ Աստված, ոչ թե մեկ անձ (Ծնն. 1:1,26, Մատ. 28:19, 3:16, Հովհ. 14:16,23,26, 16:7-15, Բ Կոր. 13:14, Եբր. 9:14, Ա Պետ. 1:2, Ա Կոր. 12:4-6):

3.Հայր Աստծո՝ որպես Արարչի մասին

Մենք հավատում ենք Հայր Աստծուն, երկնքի, երկրի և այն ամենի Արարչին, ինչ գոյություն ունի: Նա Հավերժ, Ամենակարող, Ամենագետ, Ամենուրեք, Ինքնագո և Ինքնաբավ, Ինքնիշխան, Սուրբ և Բարձրյալ Աստվածն է, սիրո և ողորմության Աստվածը: Նա է, որ հավերժությունից պատրաստեց փրկության ծրագիրը և ի կատար ածեց այն: Մենք հավատում ենք, որ երկրպագությունը, աղոթքը և փառքը պետք է ուղղվեն միայն Աստծուն (Soli Deo gloria) և ոչ թե որևէ արարածի, Մարիամին, սրբերին, արձաններին կամ մասունքներին:

4.Որդի Աստծո՝ որպես Փրկչի մասին

Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը անստեղծ է և հավերժորեն Աստծո Որդին է: Նա դարձավ կատարյալ մարդ՝ առանց կորցնելու Իր ճշմարիտ աստվածային բնույթը: Նա մնաց կատարյալ մարդ և կատարյալ Աստված: Երկու բնույթ մեկ անձի մեջ (Հովհ. 1:1-3,14, Ես. 9:6, 40:3, Հովհ. 1:1, 20:28, Հռոմ. 9:5, Կող. 2:9, Եբր. 1:8, Ա Հովհ. 5:20, Տիտ. 2:13): Մենք հավատում ենք Նրա քավչարար մահվանը և ֆիզիկական հարությանը, Նրա համբարձմանը և Նրա մոտալուտ տեսանելի և փառավոր վերադարձին երկիր: Իր մահով և հարությամբ Հիսուս Քրիստոսը դարձավ միակ զոհն ու միջնորդը Աստծո և մարդու միջև (Solus Christus - Միայն Քրիստոս) (Ա Տիմ. 2:5): Միայն Նրա զոհաբերության շնորհիվ մեղավորները կարող են մոտենալ Աստծուն և ստանալ իրենց մեղքերի թողությունը: Որպես Փրկիչ և Մեսիա, Հիսուս Քրիստոսը կատարեց փրկության գործը, որը հավերժությունից նախատեսված էր Հայր Աստծո կողմից:

5.Սուրբ Հոգու՝ որպես Սրբագործողի մասին

Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին Երրորդության երրորդ Անձն է: Գործելով սրտերում՝ Նա համոզում է մարդուն իր մեղքերի մեջ և առաջնորդում դեպի Քրիստոս, դեպի ապաշխարություն (Հովհ. 16:6-14): Մենք հավատում ենք, որ դարձի գալիս հավատացյալը Քրիստոսի կողմից մկրտվում է Սուրբ Հոգով և այսպիսով դառնում Քրիստոսի հոգևոր մարմնի՝ Աստծո տիեզերական Եկեղեցու անդամ (Ա Կոր. 12:13): Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին ուղեկցում է հավատացյալներին՝ օգնելու նրանց հասնել հոգևոր հասունության (Հովհ. 14:16,18, 16:13, Հռոմ. 8:1-14): Նա տարբեր պարգևներ է շնորհում հավատացյալներին՝ Եկեղեցին կառուցելու և զորացնելու նպատակով (Ա Կոր. 12): Հավատացյալը պետք է մշտապես լցվի և առաջնորդվի Հոգով: Նա պետք է ծառայի և երկրպագի Աստծուն Հոգով (Եփ. 5:18, Հովհ. 4:24): Սուրբ Հոգին այսպիսով, որպես սրբագործող, կիրառում է Աստծո նախատեսած և Քրիստոսի կատարած փրկությունը յուրաքանչյուր ապաշխարողի կյանքում:

6.Հրեշտակների մասին

Մենք հավատում ենք հրեշտակների գոյությանը և հավատացյալների օգտին նրանց գործողություններին (Եբր. 1:14): Մենք նաև հավատում ենք Սատանայի և դևերի գոյությանը, չար ոգիների, ովքեր ակտիվ են երկրի վրա և մշտապես պայքարում են Աստծո և Նրա ժողովրդի դեմ (Եփ. 6:12-17):

7.Մարդու մասին

Մենք հավատում ենք, որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով, Նրան երկրպագելու, Նրան ծառայելու, Նրան փառավորելու, մշտապես Նրա հետ հաղորդակցության մեջ ապրելու և Նրա օրհնությունները վայելելու նպատակով (Ծնն. 1:26): Բայց մարդն իր ազատ կամքով ապստամբեց Աստծո դեմ և մեղք գործեց Նրա դեմ (Ծնն. 3): Մենք հավատում ենք, որ իր մեղքերի պատճառով մարդն արժանի է Աստծո բարկությանն ու դատապարտությանը: Նա ի վիճակի չէ փրկել ինքն իրեն և ունի աստվածային շնորհի կարիքը (Հռոմ. 3:23-24): Փրկվելու և Աստծո հետ հաշտվելու համար մարդը պետք է անձնապես հավատա Հիսուս Քրիստոսին և խաչի վրա Նրա կատարած փրկարար գործին (Եփ. 2:1-9): Մենք նաև հավատում ենք, որ մարդը չի ոչնչանում իր ֆիզիկական մահով: Նրան սպասում են հարությունն ու դատաստանը (Մատ. 10:28, Եբր. 9:27, Ղուկ. 16:19-31, Հայտ. 20:11-15):

8.Փրկության, վերստին ծնունդի և արդարացման մասին

Մենք հավատում ենք, որ մեղավորը կարող է վերստին ծնվել, արդարանալ և փրկվել միայն աստվածային շնորհի հիման վրա (Sola gratia - միայն շնորհով) և Քրիստոսի հանդեպ անձնական հավատքով (Եփ. 2:5-9), այլ ոչ թե բարի գործերով, ծեսերով կամ եկեղեցական խորհուրդներով (Sola Fide - միայն հավատքով): Իհարկե, բարի գործերն անբաժանելի են ճշմարիտ հավատքից, բայց դրանք չեն կազմում մեր փրկության կամ Աստծո առաջ մեր արդարացման հիմքը: Հավատացյալը բարի գործեր է անում ոչ թե փրկվելու համար, այլ որովհետև նա արդեն փրկված է Քրիստոսով: Հավատք ունենալ նշանակում է վստահել Քրիստոսին, ընդունել Նրան որպես անձնական Փրկիչ և Տեր և նվիրել կյանքը Նրան: Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին վերածնում, մաքրում, արդարացնում և ի վերուստ ծնում է մեղավորներին դարձի գալու պահին (Հովհ. 1:12):

9.Մարդու ազատ կամքի մասին

Մենք հավատում ենք, որ կրկնակի կանխորոշման կամ ճակատագրապաշտության հայեցակարգը չի համապատասխանում Աստվածաշնչի ընդհանուր ուսմունքներին: Մարդը իր ազատ կամքով կարող է ընդունել կամ մերժել փրկության առաջարկը (Հեսու 24:15, Երկ. Օր. 30:19, Գործք 2:38, Հռոմ. 10:9-10, Մարկ. 16:16): Աստված, ի սկզբանե կատարելապես իմանալով մարդկանց ազատ ընտրությունը, նախապես հաստատել է Իր փրկության ծրագիրը (Ես. 46:10-11, Հռոմ. 8:29, Ա Պետ. 1:2): Աշխարհի հիմնադրումից առաջ սահմանված փրկության ծրագիրը նախատեսում է, որ ով հավատում է Քրիստոսի գործին և ապաշխարում իր մեղքերից՝ կփրկվի, իսկ նրանք, ովքեր չեն հավատում՝ կկորչեն իրենց ընտրության հետևանքով (Ղուկ. 24:44-47, Մարկ. 16:16, Հռոմ. 3:21-28, Բ Թես. 2:10-13):

10.Եկեղեցու մասին

Մենք հավատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր վերստին ծնվել են Աստծո Հոգով, կազմում են տիեզերական Եկեղեցու՝ Քրիստոսի հոգևոր մարմնի մի մասը: Եկեղեցին ունի Քրիստոսի կողմից հաստատված երկու հիմնական կարգեր. հավատացյալների մկրտությունը և Տերունական ընթրիքը (Մատ. 28:19, Ա Կոր. 11:23-25): Մենք հավատում ենք, որ մկրտության արարողությունը վերապահված է միայն նրանց, ովքեր բավականաչափ հոգևորապես հասուն են՝ հասկանալու դրա իմաստը և խոստովանելու իրենց մեղքերն ու հավատքը: Մկրտությունը չի փրկում, բայց անհրաժեշտ է հրապարակավ վկայելու մեր նվիրման մասին: Մկրտության գործողությամբ հավատացյալը հռչակում է, որ ինքը մեռած է իր հին կենսակերպի համար և հարություն է առել Քրիստոսի հետ նոր կյանքի համար (Հռոմ. 6:1-11): Մենք հավատում ենք, որ մասնակցելով Տերունական ընթրիքին՝ հավատացյալը վկայում է Աստծո, Քրիստոսի և այլ հավատացյալների հետ իր հոգևոր հաղորդակցության մասին: Նա ոգեկոչում է Քրիստոսի քավչարար մահը, վերանորոգում է մկրտության ժամանակ տրված խոստումը և գոհանում է Աստծուց Նրա մեծ սիրո և փրկության համար (Ա Կոր. 10:16-17): Հացն ու գինին ինքնին չեն պարունակում որևէ միստիկ ուժ, որը հատուկ շնորհ կամ մեղքերի թողություն է տալիս (Եփ. 2:8, Ա Կոր. 11:29, Հովհ. 1:12): Այս խորհրդանիշները նույնպես չեն վերածվում Քրիստոսի իրական մարմնի և արյան: Դրանք չեն վերանորոգում խաչի վրա մեկընդմիշտ տրված Քրիստոսի զոհաբերությունը (Եբր. 9:24-26, 10:11-14, Ա Կոր. 11:24-25, Հովհ. 15:1): Մենք հավատում ենք, որ Եկեղեցու առաքելությունը երկրի վրա մինչև վերջ հնազանդվելն է Քրիստոսի այս մեծ կանչին.

«Ուրեմն գնացէ՛ք բոլոր ազգերին աշակերտ դարձրէք. մկրտեցէ՛ք նրանց Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով. ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս 28:19-20)։

11.Ապագայի մասին

Մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի մոտալուտ վերադարձին, Եկեղեցու հափշտակությանը, հազարամյակին, վերջին դատաստանին, մեղավորների հավերժական պատժին, արդարների հավերժական կյանքին, նոր երկրին, նոր երկնքին և նոր Երուսաղեմին:

12.Հավատացյալի կյանքի մասին

Մենք հավատում ենք, որ վերստին ծնված քրիստոնյան կանչված է ապրելու ավետարանին արժանի ձևով իր կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանեկան, սոցիալական, եկեղեցական և մասնագիտական: Նա կանչված է ապրելու Աստծո փառքի համար (Փիլ. 2:14-17, Ա Պետ. 1:14-16, Կող. 3:1-17, Եբր. 12:14): Այն արժեքները, որոնք ընդունում է քրիստոնյան, պետք է լինեն աստվածաշնչյան, և ոչ թե աշխարհիկ, ազգային կամ ռասայական (Հռոմ. 12:1-2, Ա Հովհ. 2:15-17):

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին կամ քննարկել այս կետերը մեզ հետ:

Գտեք տեղական եկեղեցի